AM
4 Մայիս 2018 - 06:15 AMT

Պետդեպ. ԱՄՆ-ն պատրաստ է սերտորեն աշխատել ՀՀ նոր կառավարության հետ, երբ այն կազմավորվի

ԱՄՆ-ն պատրաստ է սերտորեն աշխատել ՀՀ նոր կառավարության հետ, երբ այն կազմավորվի: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը արժեքավոր գործընկերներ են:

Պետդեպի խոսնակն ասել է նաև, որ Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացը Հայաստանի ներքին հարցն է, հայ ժողովրդինը և նրանց խորհրդարանի անդամներինը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք վստահ ենք, որ նրանք այդ հարցը կլուծեն խաղաղ եղանակով և համաձայն սահմանադրության ու բոլոր կանոնների: Մենք, որպես Հայաստանի բարեկամ երկիր ու գործընկեր, միշտ խրախուսել ենք քաղաքական փակուղուց դուրս գալու նպատակով գնալ կառուցողական երկխոսության: Հիմա էլ հորդորում ենք նոր կառավարության խաղաղ ձևավորում համաձայն բոլոր կանոնների և ի նպաստ բոլոր հայերի շահերի»,-ասել է նա:

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալել էր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևել են երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակում։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարել է, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։