Շուշիի շրջանի Հին Շենում շրջափակման մեջ հայտնված Շիրակի մարզի 72 կամավորը տուն են վերադարձել, հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։
Հովսեփյանը զգուշացրել է, որ խոսքը ոչ թե գերեվարված 73 կամավորի մասին է, այլ շրջափակման մեջ հայտնված շիրակցիների։
«Այնտեղ ամեն ինչ նորմալ է, ճանապարհները բաց են խաղաղապահներն էլ իրենց տեղում։ Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվեց դեպի տուն։ Ամեն ինչ կարգին է, և հերթափոխն էլ հավուր պատշաճի կազմակերված էր։ Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում»,- գրել է Հովսեփյանը։
Ավելի վաղ ադրբեջանական կողմը փոորձել էր հենակետ տեղադրել Հին Շեն տանող ճանապարհին՝ փորձելով ճնշել հայկական կողմին։ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 15-ին հաջողվել էր ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։





