ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի խմբի լուծարման և դրան առնչվող կառույցների փակման գործընթացը ՝ համաձայն Նախարարների խորհրդի սեպտեմբերի 1-ին ընդունած որոշման։ Այդ մասին ասվում է ԵԱՀԿ քարտուղարության նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:59-ին տարածած հայտարարության մեջ, գրում է Արմենպրեսը։
Հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է՝ «Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանը ուղղված համատեղ դիմումի հիման վրա»։
«Բոլոր անհրաժեշտ վարչական ընթացակարգերի իրականացումը ենթադրում է, որ փակման գործընթացը մոտեցել է ավարտին։ Այս գործընթացով կյանքի կոչվեց ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշումը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված պատմական համատեղ հռչակագրից հետո, որին ներկա էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»,-ասվում է հայտարարության մեջ։
Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմում՝ Մինսկի խումբը լուծարելու նպատակով։ Այն մասնավորապես վերաբերում է երեք ինստիտուտի գործունեության դադարեցմանը՝ Մինսկի խմբին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնին և բարձր մակարդակի պլանավորման խմբին։





