AM
1 Դեկտեմբեր 2025 - 12:59 AMT

Քննարկվել են ՀՀ-Իրաք զբոսաշրջային կապերի խթանման ուղիները

Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացրել է, որ կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն ընդունել է Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ ալ Շեյխլիին` քննարկվել են ՀՀ-Իրաք զբոսաշրջային կապերի խթանման ուղիները։

Հանդիպման ժամանակ ներկայացվել են զբոսաշրջության ոլորտում ընթացիկ ծրագրերը և քննարկվել են համագործակցության մի շարք առանցքային ուղղություններ։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում երկու երկրների փոխըմբռնման հուշագրի նախագծի ստորագրման ընթացակարգերին և ժամանակացույցին։ Քննարկվել է նաև Հայաստանի և Իրաքի զբոսաշրջային ներուժի ներկայացման և մարքեթինգային նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։

Կողմերը շեշտել են զբոսաշրջային կազմակերպությունների միջև գործակցային կապերի ամրապնդման կարևորությունը, այդ թվում՝ առցանց ձևաչափով հանդիպումների կազմակերպման միջոցով՝ պետական և մասնավոր կառույցների ներգրավմամբ, ինչպես նաև երկու երկրների փոխադարձ ներկայացման միջոցով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Երկուստեք ընդգծվել է համագործակցության խորացման և զբոսաշրջային փոխանակումների ակտիվացման անհրաժեշտությունը։