AM
4 Դեկտեմբեր 2025 - 15:00 AMT

Կներդրվեն «Զբոսաշրջային ավտոբուսի» պարտադիր որակավորման պահանջներ

Կառավարությունը հաստատել է զբոսաշրջային ավտոբուսների համար սահմանվող տեխնիկական պահանջները, բնութագրերը, որակավորման ընթացակարգը, չափորոշիչները, ինչպես նաև որակավորման վկայականի ու նշանի ձևերը, վկայականի տրամադրման և դադարեցման կարգը ու ժամկետը, հայտնում է Factor.am-ը։

Ըստ հիմնավորման՝ գործող իրավակարգավորումները չեն տարբերակում զբոսաշրջային ավտոբուսներն այլ փոխադրամիջոցներից և լիարժեք չեն կարգավորում այս ոլորտը։ Սա պայմանավորել է «զբոսաշրջային ավտոբուս» եզրույթի առանձին սահմանման անհրաժեշտությունը՝ իրավական հստակ տարանջատում ապահովելու նպատակով։

Կառավարության գնահատմամբ, այս մոտեցումը կբարձրացնի զբոսաշրջային ծառայությունների որակը, կնպաստի ուղևորների անվտանգության մակարդակի բարձրացմանը և ամբողջ ոլորտի զարգացմանը։

«Զբոսաշրջային ավտոբուս» որակավորում ունեցող և միայն զբոսաշրջիկներ տեղափոխող տրանսպորտային միջոցների գործունեությունը հստակ կտարբերվի այլ տրանսպորտային միջոցներով իրականացվող ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներից։

Որոշման համաձայն՝ զբոսաշրջային ուղևորափոխադրումներ իրականացնող տնտեսվարողները պարտավոր կլինեն էլեկտրոնային եղանակով հայտ ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտե՝ ավտոբուսի որակավորման հավաստագիր ստանալու համար։

Պարտադիր որակավորման պահանջների ներդրումը թույլ կտա ներգրավել միայն տեխնիկապես վիճակով պատշաճ, շահագործման համար պիտանի, անվտանգ և հուսալի ավտոբուսներ՝ զբոսաշրջային ուղևորափոխադրումների ոլորտում։

Միաժամանակ, այս նոր համակարգը կխթանի առողջ մրցակցային դաշտի ձևավորումը, որի պայմաններում տնտեսավարողները կմղվեն շարունակաբար թարմացնելու ու արդիականացնելու իրենց տրանսպորտային պարկը՝ հատկապես փոխարինելով այն ավտոբուսները, որոնց թողարկման տարեթվից անցել է 20 և ավելի տարի։