Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ «թուրք ազգին և պետությանը վիրավորելու» մեղադրանքով սկսվել է թուրքական Bianet կայքի խմբագիր Թուղչե Յըլմազի գործով դատավարությունը։
Լրագրողն ասել է, որ բողոքը, հավանաբար, ներկայացրել է մի անձ, որն անհարմար է զգացել տարբեր հասարակական խմբերի համակեցությունից, հնարավոր է՝ ռասիստական հակումներ ունեցողներից՝ Հայոց ցեղասպանության թեմայի պատճառով, հայտնում է Factor.am-ը։
Մեղադրանքը հիմնված է լրագրողի պատրաստած հարցազրույցի վրա, որը վերնագրվել է «Հայ երիտասարդները խոսում են. 109-ամյա սուգ»։ Այդ նյութում հայ երիտասարդները ներկայացրել են իրենց կապը հայոց լեզվի և մշակույթի, ինչպես նաև Ստամբուլի և 1915 թվականի ապրիլի 24-ի իմաստի հետ,
Դատավարությունը մեկնարկել է Ստամբուլի երկրորդ քրեական դատարանում։ Յըլմազի պաշտպանությամբ հանդես են եկել փաստաբան Դենիզ Յազգանը, Մեդիայի և իրավունքի ուսումնասիրությունների ասոցիացիայի (MLSA) ներկայացուցիչ Բատիկան Էրքոչը և Թուրքիայի լրագրողների միության (TGS) իրավաբան Էլիֆ Էրգինը։
«Ես այսօր այստեղ եմ, քանի որ որպես լրագրող՝ օգտվել եմ օրենքով պաշտպանված խոսքի ազատությունից, միայն թե ինձ կանչել են CİMER-ին [Նախագահական հաղորդակցության կենտրոն]»,- հայտարարել է Յըլմազը։
Նա խոսել է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող գործընթացների մասին՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս այցելել է Թուրքիա՝ նախագահ Էրդողանի հրավերով, և այժմ ընթանում են քննարկումներ սահմանների բացման ու առևտրային հարաբերությունների վերականգնման շուրջ։
«Ես ուզում եմ հստակեցնել, որ այստեղ դատվում է իմ մասնագիտությունը, որով ես ոգևորությամբ և հետաքրքրասիրությամբ զբաղվում եմ 2015 թվականից ի վեր։ Որպես մեկը, ով պարզապես փորձում է ավելի լավ զբաղվել իր մասնագիտությամբ, կարծում եմ, որ չկա որևէ իրավական հիմք ինձ հետապնդելու համար նման անորոշ և վիճահարույց հոդվածով։ Ես ոչ մեկին չեմ վիրավորել։ Հակառակը, ես միշտ լսել եմ այս հասարակության մեջ նրանց, ովքեր իրենց մեկուսացված են զգում»,- հայտարարել է լրագրողը։
Յըլմազը իր ելույթի ավարտին հիշեցրել է լրագրող Հրանտ Դինքին, որը նույնպես ենթարկվել է 301-րդ հոդվածով հետապնդման և հետագայում սպանվել։ Նա կոչ է արել արդարացնել իրեն։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 21-ին։





