AM
15 Դեկտեմբեր 2025 - 08:39 AMT

Կալաս. ՀՀ–ն օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ ընտրություններում արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար

Եվրամիության անդամ պետությունների ԱԳ նախարարները դեկտեմբերի 15–ին Բրյուսելում մասնակցելու են արտաքին գործերի խորհրդի տարվա վերջին նիստին, որտեղ կքննարկեն Ուկրաինային, Մերձավոր Արևելքին և Չինաստանին վերաբերող հարցեր։ Հայաստանը ևս քննարկումների օրակարգում է։ Այդ մասին նիստից առաջ լրագրողներին է ասել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը, հայտնում է Factor.am–ը։

«Հայաստանում ընտրություններն են կայանալու։ Ի՞նչ կարող ենք մենք անել նրանց օգնելու համար։ Նրանք մեզնից նմանատիպ օգնություն են խնդրել՝ պայքարելու արտաքին ազդեցության դեմ, ինչպես օգնել ենք Մոլդովային»,- ասել է Կալասը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 15-ին նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով կայանալիք հանդիպմանը։

Դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։