AM
15 Դեկտեմբեր 2025 - 14:49 AMT

Հունվարի 1–ից թոշակառուների և նպաստառուների անկանխիկ գործարքների հետվճարը կկազմի 20%

2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 % հետվճար՝ գործող 12 %-ի փոխարեն։ Արդյունքում՝ կենսաթոշակառուները և նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչև 10,000 դրամով՝ գործող 6000-ի փոխարեն, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նածարարությունը։

Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից օգտվում է 366 հազար 432 քաղաքացի․ ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 327 մլրդ դրամի անկանխիկ գործարք, և հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է շուրջ 30 մլրդ դրամ։

2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստների, այդ թվում՝ կենսաթոշակների և երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վճարումը կիրականացվի անկանխիկ եղանակով։

Ներկայումս իրենց կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով են ստանում կենսաթոշակառուների և նպաստառուների 10%-ից էլ պակաս քաղաքացիներ՝ մոտ 58 հազար անձ, որոնք ևս ապրիլի 1-ից հնարավորություն կունենան օգտվել հետվճարի ծրագրից՝ ստանալով իրենց կենսաթոշակը կամ նպաստը անկանխիկ եղանակով։