AM
22 Դեկտեմբեր 2025 - 11:02 AMT

Երևանում 2026–ին կշարունակվի խմելու ջրի որակի բարելավման ծրագիրը

2026 թվականին մայրաքաղաքում կշարունակվի խմելու ջրի որակի բարելավման ծրագիրը, որը կիրականացվի արդեն յոթ վարչական շրջանում։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը։

«2025թ. ներկայացվել էր ծրագիր՝ 4 վարչական շրջանում՝ 118 կմ երկարությամբ, խմելու ջրի որակի բարելավման համար։ Այն ներառում է ջրամատակարարման բաշխիչ ցանցի արդիականացում, տնային միացումների ապահովում, ջրաչափական հանգույցների տեղադրում։ Այս ծրագիրն իրենից ներկայացնում է 7․1 մլրդ դրամի ծավալի աշխատանք։ Աշխատանքների գերակշիռ մասը կավարտվի 2026-ին, ունենք 13.5 հազար բաժանորդի ջրամատակարարման բարելավման արդյունք»,- նշել է Արեյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ արդեն մշակվել է նաև հաջորդական ծրագիր, որը 2026 թվականին կիրականացվի ևս յոթ վարչական շրջաններում՝ ընդգրկելով մոտ 91․6 կմ երկարությամբ ցանցի արդիականացում և նախատեսելով բարելավել ,ոտ 10 550 բաժանորդի ջրամատակարարումը։ Ծրագրի գնահատված արժեքը կազմում է 5․7 մլրդ դրամ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշել է, որ կառավարության մակարդակով արդեն սկսվել են աշխատանքներ նաև կոյուղատար համակարգի արդիականացման ուղղությամբ։ Արդյունքում, քաղաքապետարանը ներկայումս զբաղվում է միայն ամենածանր ու վթարային դեպքերի կարգավորմամբ, ինչը, նրա խոսքով, զգալիորեն թեթևացրել է քաղաքային բյուջեի ծանրաբեռնվածությունը։ Ավինյանը հավելել է, որ հեղեղատար համակարգերի ուղղությամբ դեռևս մնում են լուծման ենթակա հարցեր՝ ընդգծելով, որ խոսքը մոտ 10 միլիարդ դրամի ծախսի մասին է։