Քաղաքաշինության կոմիտեն սահմանել է մթնոլորտային օդի վրա ազդեցության նվազեցման նոր պահանջներ:
Դրանք առաջիկայում կհրապարակվեն հարթակում և կմտնեն գործողության մեջ, հայտնում է Քաղաքաշինության կոմիտեն։
Կոմիտեն նշել է, որ նոր դրույթները նախատեսում են ավելի արդյունավետ միջոցառումներ շրջակա միջավայրի պահպանման համար՝ հիմնված արդի տեխնոլոգիաների կիրառման վրա շինարարական աշխատանքների բոլոր փուլերում։ Մասնավորապես, շինարարության ամբողջ ընթացքը պետք է ուղեկցվի շինհրապարակի արտանետումների վերահսկմամբ՝ իրականացնելով փոշենստեցման գործողություններ և օգտագործելով ցածր արտանետումներով ու փոշեճնշիչ սարքավորումներ։
Նոր նորմերը մանրամասն նկարագրում են օդի մաքրման համակարգերի կիրառման պայմանները, որոնց թվում են փոշեորսիչները, փոշեճնշիչ սարքերը և ջրային մառախուղ ստեղծող միջոցները։ Դրանցից բացի, սահմանվել է նաև պարտադիր պահանջ՝ շինհրապարակի կահավորումն ապահովել օդի որակի մոնիթորինգային սարքավորումներով։
Շինհրապարակի կազմակերպման ժամանակ սահմանվել է դրույթ, ըստ որի ժամանակավոր ճանապարհները պետք է պատված լինեն բետոնով կամ այլ ամուր ծածկույթներով, իսկ մնացած հողածածկ մակերեսները՝ խճով, ինչը կանխելու է փոշու առաջացումը ճանապարհային և հողային մակերեսներից։
Նորմերում ամրագրված են նաև պահանջներ, որոնք վերաբերում են շինհրապարակի պատշաճ կահավորմանը, կանոնավոր մաքրմանը, փոշեպաշտպան պատնեշների ու ցանցերի կիրառմանը, ինչպես նաև նյութերի փոխադրման ու պահպանման կանոններին։
Շինարարության ընթացքում առաջացող փոշու և ծխի կառավարման միջոցառումների ամրագրումը շինարարական նորմերում հնարավորություն է տվել կանխել ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության տարածքում իրականացվող ինտենսիվ շինարարության բացասական ազդեցությունը մթնոլորտային օդի վրա՝ դրանով նվազեցնելով շինարարության դերը օդի աղտոտվածության խնդիրներում։
«Շինարարական արտադրության կազմակերպում» նորմերի նոր տարբերակի մշակումը ընդգրկված է եղել Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ձևավորված և արդիականացվող նորմերի տարեկան ցանկում։ Այն հետագայում ներառվել է նաև ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիր» որոշման մեջ։





