Սիրիայի Հալեպ քաղաքում դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած բախումներից հետո իրավիճակը ներկայում խաղաղ է, և տեղի հայ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Այդ մասին հայտնել է Բերիո Հայոց թեմի խոսնակ, Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը՝ ներկայացնելով Հալեպում տիրող իրավիճակի ընդհանուր պատկերը, տեղեկացնում է Արմենպրեսը։
Գաբրիելյանի խոսքով՝ բախումները բռնկվել են կեսօրին և շարունակվել մինչև ուշ գիշեր։
«Այդուհանդերձ, կեսգիշերից հետո իրադրությունն ամբողջովին խաղաղ էր։ Հիմա վիճակը հանդարտ է, խանութները բաց են և մարդիկ սովորական կյանքով շարունակում են ապրել»,-նշել է Գաբրիելյանը։
Նա հավելել է, որ ստեղծված լարվածության պայմաններում Հալեպի նահանգապետը որոշում է կայացրել հայտարարել արձակուրդ՝ դեկտեմբերի 23-ին դպրոցներն ու պետական կառույցները փակ են։
«Հայ համայնքում տուժածներ չկան՝ չնայած, որ քրդական շրջանները շատ մոտ են մեր շրջաններին»,-մանրամասնել է Բերիո Հայոց թեմի խոսնակը։
Դեկտեմբերի 22-ին քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» և կառավարական ուժերի միջև տեղի ունեցած բախումներից հետո կողմերը հրադադարի համաձայնության են եկել։ Հայտնի էր նաև, որ ՍԴՈւ ստորաբաժանումների կողմից քաղաքային թաղամասերում խաղաղ բնակիչների վրա իրականացված հարձակումների հետևանքով զոհվել են մայր ու երեխա, իսկ վիրավորվել է 15 քաղաքացի։





