AM
24 Դեկտեմբեր 2025 - 06:49 AMT

Մնացականյանը Բաքվի դատարանում հերքել է Ապրիլյան մարտերին առնչվող բոլոր մեղադրանքները

Դեկտեմբերի 23-ին Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներ, ԱՀ նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ինչպես նաև ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի և այլ անձանց դեմ շինծու գործերով դատական ֆարսը։

Նիստը նախագահող դատավոր Աղաևը հայտարարել է, որ դատավարությունը շարունակվել է մեղադրյալների վերջին խոսքերի լսմամբ։

Լևոն Մնացականյանն իր վերջին ելույթում հայտարարել է, որ համաձայն չէ մեղադրող կողմի ներկայացուցիչների և այսպես կոչված տուժողների ցուցմունքների հետ, որոնք վերաբերում են 2016 թվականի Ապրիլյան մարտերին։

Մնացականյանը նշել է, որ իրեն մեղադրում են Ապրիլյան մարտերի պլանավորման մեջ, սակայն, իր խոսքով, դա իրականությանը չի համապատասխանել։ Նրա խոսքով՝ Ապրիլյան մարտերի ընթացքում ամեն ինչ տեղի է ունեցել պաշտպանական շրջաններում։

Մնացականյանը, որը նախկինում եղել է հրետանային բրիգադի հրամանատար, անդրադարձել է նաև հրետանային գնդակոծությունների հետևանքով անտառների վնասման և հուշարձանների ոչնչացման մեղադրանքներին։ Նա չի ընդունել նաև այս մեղադրանքը՝ նշելով, որ հուշարձանը կարող էր վնասվել նաև այլ տեսակի զինատեսակներով։

Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 25–ին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։