AM
26 Դեկտեմբեր 2025 - 10:55 AMT

Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ

Թեև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի արգելքից առաջ իրականացվել են իրազեկման միջոցառումներ, այդուհանդերձ պարեկային ծառայողները շարունակում են ձկնագողության դեպքեր բացահայտել: Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում միայն պարեկային ծառայության կողմից հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 1000 կգ ապօրինի որսած 2613 ձուկ։

Բացի այդ, Գեղարքունիքի մարզի պարեկները՝ համագործակցելով Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկների հետ, հայտնաբերել և առգրավել են 13 նավակ, 63 ձկնորսական ցանց, նավակների շարժիչներ ու թիեր, հայտնում է ՆԳՆ–ն։

Նշվում է, որ ձվադրման շրջանում Սևանա լճում ապօրինի ձկնորսությունը ենթադրում է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն։

Ձկնագողության դեմ արդյունավետ պայքարը, ըստ ՆԳՆ-ի, պահանջում է պետական կառույցների, հասարակության և յուրաքանչյուր քաղաքացու համատեղ ջանքերը՝ նպատակ ունենալով պահպանել Սևանի բնությունն ու կենսաբազմազանությունը ապագա սերունդների համար։