AM
27 Դեկտեմբեր 2025 - 09:01 AMT

Պապոյան․ 15,000 էլեկտրամոբիլից 12,000-ը տրամադրվելու է ֆիզիկական անձանց և ոչ դիլեր իրավաբանական անձանց

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան եթերում մանրամասնել է, թե ինչպես է նախատեսվում բաշխել էլեկտրամոբիլների 2026–ի համար նախատեսված 15,000–ի քվոտան։

Նա հայտնել է, որ 15,000 էլեկտրոմոբիլների քվոտայի շրջանակում 12,000-ը տրամադրվելու է ֆիզիկական անձանց և այն իրավաբանական անձանց, որոնք դիլեր չեն։

«3000-ը տրամադրվելու է դիլեր իրավաբանական անձանց, այսինքն՝ նրանց, ովքեր որևէ արտադրողի պաշտոնական ներկայացուցիչն են Հայաստանում»,–ասել է նա։

Նախարարը նաև հայտնել է, որ արտոնությունը տրամադրվելու է միայն վերջին երկու և 2026–ի արտադրության մեքենաներին։

«Առանց մաքսատուրք, առանց մաքսազերծում իրականացնելու հնարավորությունը ստանալու համար մեքենան պետք է լինի պարտադիր 2024, 2025 և 2026 թվականների արտադրության»,-նշել է նա։

2025 թվականին, ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի, Հայաստանին տրամադրվել էր ներմուծման 8000 քվոտա, որի 90 տոկոսն արդեն տարեսկզբին իրացվել էր։