Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Կոմիտեի ղեկավար անձնակազմի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը, ամփոփելով 2025 թվականին իրականացված աշխատանքները և ընդգծելով համակարգի հետագա առաջնահերթությունները, ասել է, որ հաջողվել է ապահովել հարկային եկամուտների կայուն և բարձր աճ։
Նա նշել է, որ 2025-ին հաջողվել է ձևավորել միասնական պատկերացում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի կոմիտեն առաջիկա տարիներին։
«ՊԵԿ-ը պետք է դառնա դինամիկ զարգացող և առաջատար կառույց, որը հայտնի կլինի տեխնոլոգիական համարձակ նորարարությամբ և մարդակենտրոն մոտեցմամբ։ Եվ հենց այս որակները պետք է մրցունակ դարձնել տարածաշրջանում և, ընդհանրապես, համաշխարհային մակարդակով»,- ընդգծել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ համակարգում ներգրավված յուրաքանչյուր ծառայողի առաքելությունը պետք է լինի արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայրի ստեղծումը, կամավոր կարգապահության խթանումը և քաղաքացուն ու բիզնեսին ծառայելը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության շարունակական զարգացման։
Նշվել է, որ տարվա ընթացքում աճել է նաև հարկային վարչարարության արդյունավետությունը։ Ստուգումների կրճատմանը զուգահեռ մեծացել է վերլուծական գործիքների դերը՝ ապահովելով ավելի բարձր արդյունքներ։ Ստվերի դեմ պայքարում արձանագրվել են լուրջ բացահայտումներ՝ հիմնականում թվային հետախուզության գործիքակազմի շնորհիվ։
Մաքսային վարչարարության ոլորտում նույնպես արձանագրվել են երկնիշ աճի ցուցանիշներ։ Մաքսային ռիսկերի համակարգի կատարելագործման արդյունքում նկատվել է շեշտակի աճ «կանաչ ուղի» ընթացակարգով հայտարագրվող ապրանքների և ինքնաշխատ բացթողումների դեպքերի քանակում։ Բացի այդ, ավելացել է նախնական մաքսային հայտարարագրից օգտվողների թիվը։
Մաքսանենգության դեմ պայքարում արձանագրվել են խոշոր բացահայտումներ՝ կապված թմրամիջոցների ներմուծման փորձերի հետ։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում արձանագրվել են աննախադեպ արդյունքներ. հաղորդվել է 20-ից ավելի դեպք։
ՊԵԿ ղեկավարը կարևորել է թվային համակարգերում խափանումների կառավարման նոր մեխանիզմների ներդրումը, որի շնորհիվ հաջողվել է կանխել հնարավոր խնդիրները։ Հակոբյանը նաև կրկին շեշտել է, որ հարկ վճարելու մշակույթի ամրապնդումը պետք է ընկալվի ոչ միայն սահմանադրական պարտավորություն, այլև յուրաքանչյուր քաղաքացու ներդրում՝ համընդհանուր բյուջեի կայունացման գործում։





