Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ առաջիկայում հնարավոր է ոչ միայն ներմուծում իրականացնել Ադրբեջանից, այլև կազմակերպել արտահանում Հայաստանից դեպի Ադրբեջան։ Այդ մասին նա ասել է դեկտեմբերի 28–ին Գառնիում Սուրբ Աստվածածին եկեղեցու մերձակայքում, որտեղ վարչապետի հետ մասնակցում էր պատարագի։
«Ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլ նաև արտահանում է հնարավոր: Այս պահի դրությամբ բավականին մրցունակ գին ենք ստացել վրացական երկաթուղուց, հետևաբար հնարավորությունները շատ են: Ինչպես սովորաբար պրակտիկան է եղել, իրենք հայտարարել են, մենք հաստատել ենք: Կարծում եմ վրացական, ադրբեջանական կողմերը հերթական հաջող գործարքի մասին կհայտարարեն, դուք էլ մեզ հարցում կանեք, կհաստատենք», – ասել է Պապոյանը, հայտնում է «Ազատությունը»։
Նախարարը նշել է արտահանման ենթակա ապրանքների շրջանակը, որոնք ներառում են ալյումին, ալյումինից պատրաստված փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, մրգեր և բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, ինչպես նաև տեքստիլ արտադրանք։
Ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ «հերթեր կան այդ բենզինի համար»։
«Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»,–ասել է Միրզոյանը, հայտնում է Auroranerws.am-ը։
Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։
Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը։





