AM
8 Հունվար 2026 - 10:01 AMT

Պապոյան․ Ադրբեջանական բենզինի նոր խմբաքանակը նույն ընկերություններն են ներկրում

Կառավարության նիստից առաջ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ ադրբեջանական բենզինի երկրորդ խմբաքանակը ներկրում են նույն ընկերությունները:

Ադրբեջանից բենզինի նոր խմբաքանակը Հայաստան են ներմուծում նույն ընկերությունները՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա Թրեյդը» և «Sisha world»-ը, որը, ըստ լրատվամիջոցների, կապվում է գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբորորդու՝ 24-ամյա Սամվել Մկրտչյանի անվան հետ, հայտնում է «Ազատությունը»:

Նախարարի փոխանցմամբ՝ մի քանի հազար տոննա վառելիք է ներկրվում՝ և՛ պրեմիում, և՛ ռեգուլյար տեսակի բենզին, ինչպես նաև դիզելային վառելիք:

«Ով ուզի, կարող է գնալ, բերել, ազատ է», – հավաստիացրել է Գևորգ Պապոյանը:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներն էին հաղորդել, որ նախատեսվում է Հայաստան ուղարկել AI-92 տեսակի բենզինի և դիզելային վառելիքի 1000-ական տոննա։ Բացի այդ, Հայաստան կառաքվի 1800 տոննա AI-95 տեսակի բենզին։