AM
8 Հունվար 2026 - 10:10 AMT

Կառավարությունը հաստատել է ՀՀ տնտեսական և ինստիտուցիոնալ դոկտրինը

Կառավարությունը հաստատել է «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը», որը մշակվել է որպես երկրի զարգացման ռազմավարական ուղենիշ։ Փաստաթուղթը նախատեսում է վերաիմաստավորել ու կայունացնել ինչպես տնտեսական համակարգը, այնպես էլ պետական ինստիտուտների կառուցվածքը։ Այն բաղկացած է 42 էջից և ընդգրկում է մի շարք ոլորտներ։

Նախագծի զեկուցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մի շարք դիտարկումներ՝ նշելով, որ դոկտրինը ոչ միայն նպատակների ձևակերպում է, այլ նաև կառավարության գործողությունների հստակ ուղենիշ, հայտնում է Արմենպրեսը:

«Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը ներկայանում է որպես զարգացման ուղենիշ, որի նպատակն է վերանայել և ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքն ու պետական ինստիտուտները»,-նշել է վարչապետը։

Նրա ձևակերպմամբ՝ նման փաստաթղթերը կառավարության մտադրությունների ու մոտեցումների արտահայտություն են՝ ցույց տալու, թե որտեղ է գտնվում պետությունը և ուր է շարժվում։

Վարչապետը կարևորել է, որ ռազմավարական փաստաթղթերն ունենան հակիրճ ու հստակ ձևաչափ, որպեսզի հասանելի լինեն և ժամանակատար չլինեն ընթերցողների համար։

Դոկտրինի ընդունումը նա պայմանավորել է մի քանի գործոնով՝ ընդգծելով հատկապես 2018-ի հեղափոխությունից հետո արձանագրված ավելի քան 50 տոկոս տնտեսական աճը։ Փաշինյանի խոսքով՝ այդ ընթացքում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ավելացել է ավելի քան 2․4 անգամ։

«Մենք պետք է հստակ գծագրենք, թե այս ամենում որտեղ է կառավարության դերը և որտեղ է այլ գործող անձանց դերը։ Իմ կարծիքով՝ կառավարության դերն այն է, որ մենք 2018 թվականից վերացրել ենք տնտեսական գործունեության բոլոր հնարավոր սահմանափակումները, մենաշնորհները, արգելքներն ու արգելակները և սա է հիմնական պատճառը, որ 2018 թվականից ի վեր՝ ի հեճուկս բոլոր քաղաքական, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական վայրիվերումների, Հայաստանը ոչ միայն պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, այլև ապահովել է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի 2․4 անգամ աճ, 50 տոկոս տնտեսական աճ և այս ամենը, հիշեցնեմ, կորոնավիրուսի համավարակի առկայության պարագայում։

Ուզում եմ ընդգծել, որ սրանում առաջին հերթին մենք պետք է գնահատենք Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող մարդկանց, որովհետև սա չի կարող լինել կառավարության ձեռքբերումը, սա կառավարության և քաղաքացիների համագործակցության արդյունքն է»,-ընդգծել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի քաղաքացին կարևոր դեր է ունեցել և շարունակում է ունենալ Կառավարության ռազմավարական որոշումների կայացման ու իրագործման գործընթացում։

«Դոկտրինի նպատակը Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման նոր տրամաբանության հաստատումն է՝ տնտեսությունը դիրքավորելով որպես ինքնիշխանության, անվտանգության և երկարաժամկետ կայունության հիմք, որի առանցքում կանգնած է կրթված, կարող և ստեղծարար քաղաքացին»,-նշել է վարչապետը։

Նա հավելել է, որ դոկտրինի ընդունումը պայմանավորված է նաև Հայաստանի շուրջ ձևավորված նոր անվտանգային միջավայրով, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության արդյունքում։

Փաստաթղթում առանձին ուշադրություն է հատկացվել թվայնացմանն ու արհեստական բանականության ոլորտներին, ինչպես նաև ընդգծվել է էներգետիկ վերափոխման օրակարգի կարևորությունը։

Վարչապետը հայտարարել է, որ ներառված է նաև երկարաժամկետ հարկային քաղաքականության մշակման գաղափարը, որի շրջանակում քննարկվում է նոր հարկային օրենսգրքի ընդունման տարբերակ՝ այն ուժի մեջ պահելու նպատակով առնվազն տասը տարի։

«Փաստաթուղթը շատ ծավալուն չէ, բայց ընդգրկուն է։ Ուզում եմ նորից ընդգծել, որ այս բոլոր մոտեցումների հիմքում ընկած է մեկ առանցքային գաղափար՝ պետությունը դիտարկվում է որպես շարունակական ինստիտուտ, որտեղ կառավարությունները փոփոխական են, իսկ տնտեսական քաղաքականության տրամաբանությունը՝ կայուն և կանխատեսելի։ Եվ այս ամենի հիմքում դրված է պետության հարատևության գաղափարը, և այն գաղափարը, որ պետության տնտեսական զարգացումը հենց պետական շահն է»,-ընդգծել է վարչապետը։