AM
8 Հունվար 2026 - 10:47 AMT

ԼՂ-ից բռնի տեղահանված 4066 ընտանիք ստացել է բնակարանի հավաստագիր

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2026 թվականի հունվարի 8-ի դրությամբ հավաստագիր է ստացել 4066 ընտանիք։ Նրանցից 1768-ն արդեն իրացրել է այդ հավաստագիրը, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Ծրագիրը իրականացվում է տարբեր աջակցության ձևաչափերով, որոնցից ընտանիքները կարող են ընտրել համապատասխան տարբերակ՝

  • բնակարան կամ անհատական բնակելի տուն գնելու հավաստագիր (ներառյալ՝ կառուցվող շենքից բնակարան ձեռքբերելու իրավունք),
  • անհատական տան կառուցման համար հավաստագիր,
  • գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Ծրագրով սահմանվել է ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար տրամադրվող 3-ից 5 միլիոն դրամի շրջանակում։

Աջակցության ծրագիրը հասանելի է այն ընտանիքներին, որոնք տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն ՀՀ քաղաքացիություն, չունեն անշարժ գույքի սեփականություն և չեն հանդիսանում նախկինում այլ բնակարանային ծրագրերի շահառու՝ նախատեսված Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների կամ սահմանամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների համար։

Դիմումներն ընդունվում են առցանց հարթակի միջոցով։