AM
9 Հունվար 2026 - 08:45 AMT

ՀՀ երկաթգիծը կառավարող Ռուսական երկաթուղին չի կարողանում մարել պարտքերը

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, որն իրականացնում է նաև Հայաստանի երկաթգծի կառավարումը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջոցով, հայտնվել է ֆինանսական ճգնաժամում։ Աշխարհի ամենաերկար երկաթուղային ցանցերից մեկը՝ 85 հազար կիլոմետրով, սպասարկելով տարեկան միլիոնավոր ուղևորների և ընդգրկելով 11 ժամային գոտի, այժմ կանգնել է սնանկության եզրին։

2025 թվականի տվյալներով՝ ընկերության պարտքերը հասել են ռեկորդային ցուցանիշի՝ կազմելով 4 տրիլիոն ռուբլի կամ ավելի քան 50 միլիարդ դոլար, ինչը պայմանավորված է պատերազմական իրավիճակում խորացած տնտեսական ճնշումներով, հայտնում է «Ազատությունը» Reuters-ի վրա հղումով:

Ֆինանսական վիճակի վատթարացումը ստիպել է տնօրենների խորհրդին այս տարվա բյուջեն կրճատել 20 տոկոսով, դիմել պետական ֆինանսական աջակցությանը և որոշում ընդունել վաճառքի հանձնել իր ամենաթանկարժեք գույքերից մեկը՝ Մոսկվայի սրտում գտնվող 62 հարկանի երկնաքերը, որը գնահատվում է մոտ 2 միլիարդ դոլար։ Ըստ Reuters-ի աղբյուրների՝ ընկերությունն ստիպված կլինի բարձրացնել ինչպես բեռնափոխադրումների, այնպես էլ ուղևորափոխադրումների սակագները՝ պարտքերը մարելու նպատակով։

Ընկերության պարտքերի խորացման մյուս գործոններից է փոխադրումների ծավալների կրճատումը, հատկապես՝ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներից հետո։ Վերջին տարիներին ռուսական փայտանյութի արտահանումը նվազել է 18 տոկոսով, մետաղների արտահանումը՝ 8 տոկոսով, իսկ հանքաքար ու ածուխի արտահանումը՝ 5 տոկոսով։

«Տնտեսական այս շղթայում ցանկացած օղակի տապալումը դոմինոյի էֆեկտ է ունենում մյուս ոլորտների վրա: Այս պահին «Ռուսական երկաթուղիները» պետական ՎՏԲ-ի խոշորագույն վարկառուներից է։ Եվ եթե «Ռուսական երկաթուղիները» չկարողանա մարել իր վարկերի տոկոսները, դա կասկածի տակ կդնի ՎՏԲ-ի ֆինանսական կայունությունը, իսկ ՎՏԲ-ն Ռուսաստանի առանցքային բանկերից է։ Այսինքն սա շղթա է, որտեղ մեկ օղակը քաշում է մյուսին»,-ասել է Հարվարդի համալսարանի փորձագետը։

2008 թվականից «Ռուսական երկաթուղիները» 30 տարով վարձակալել է նաև Հայաստանի երկաթուղին։ Սակայն գրեթե երկու տասնամյակի ընթացքում միայն բացառիկ տարիներին «Հարավկովկասյան երկաթուղին» կարողացել է շահույթ ապահովել, իսկ մնացած դեպքերում՝ պետական բյուջեից ստացել է միլիարդավոր դրամների սուբսիդիաներ՝ կուտակված վնասները փարատելու նպատակով։

2024 թվականին ռուսական ընկերության հայաստանյան դուստր ձեռնարկությունը մի շարք ուղղություններով գրանցել է անկումային տվյալներ։ Ըստ հրապարակված հաշվետվության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» եկամուտը 2023-ի համեմատ նվազել է մոտ 3.3 միլիարդ դրամով կամ գրեթե 20 տոկոսով։ Նվազում է արձանագրվել թե՛ բեռնափոխադրումների, թե՛ ուղևորափոխադրումների, ինչպես նաև կոնցեսիոն ակտիվների զարգացման ուղղությամբ ստացված եկամուտներում։

Վերջին չորս տարիների կտրվածքով՝ երկաթուղիների կողմից պետական բյուջե վճարված հարկերը կրճատվել են ավելի քան 55 տոկոսով։ Եթե 2021-ին պետական բյուջե փոխանցվել է 5.8 միլիարդ դրամ, ապա 2024-ին այդ թիվը կազմել է ընդամենը մի փոքր ավելի քան 2 միլիարդ։ Ընկերության հիմնական պատվիրատուները եղել են վառելիք ներմուծող CPS ընկերությունը, հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը և բեռնափոխադրումների ոլորտում գործող «Ապավեն» ընկերությունը։

Ընկերության 2024 թվականի հաշվետվությունից նաև պարզ է դարձել, որ ուղևորափոխադրումներից ստացված եկամուտը կազմել է 1 միլիարդ 27 միլիոն դրամ, մինչդեռ ծախսերը կազմել են 4.5 միլիարդ։ Միայն այդ ոլորտում ընկերությունը կրել է մոտ 3.5 միլիարդ դրամի վնաս, որը մասնակիորեն փոխհատուցվել է պետության կողմից՝ սուբսիդիայի միջոցով։

Ռուսական կառույցի համակարգային դժվարությունների պայմաններում, Հայաստանի վարչապետը նախորդ ամիս հայտարարել է, որ ռուս գործընկերներին հորդորել է հրատապ կերպով սկսել Երասխից մինչև Նախիջևան, ինչպես նաև Ախուրիկից մինչև Թուրքիայի սահման երկաթուղային հատվածների վերականգնումը։ Դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ, նա կրկին բարձրացրել է այս հարցը։

«Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ։ Բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել», – Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Չնայած նրան, որ Ռուսաստանի նախագահի հետ փակ ձևաչափով հանդիպման հրապարակային հատվածում Փաշինյանը այս թեմային չի անդրադարձել, վերադառնալով Երևան՝ նշել է, որ եթե պարզ դառնա, որ ռուսական կողմը վերականգնման հարցում խոչընդոտներ ունի, ապա Հայաստանը պատրաստ է վերագործարկել այդ ուղղությունները սեփական ռեսուրսներով։