AM
9 Հունվար 2026 - 11:42 AMT

Պապոյան. Բաքվի հետ բանակցում են փայլաթիթեղի, ֆերոմոլիբդենի, կոնյակի հումքի, ծխախոտի արտահանման շուրջ

Երևանն ու Բաքուն բանակցում են Հայաստանից Ադրբեջան ալյումինի փայլաթիթեղի, այլումինի փայլաթիթեղի հումքի, ֆերոմոլիբդենի, ընտանի կենդանիների, կոնյակի հումքի, ծխախոտի, տեքստիլ արտադրանքի արտահանման հնարավորությունները։ Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հայտնում է Factor.am-ը:

«Ադրբեջանական ընկերություններ էլ կան, որ հետաքրքրություն են հայտնել կոնկրետ ապրանքեր ներմուծելու։ Ադրբեջանական կողմը կոնկրետ ապրանքերի ցանկ է ներկայացրել, որը իրենց հետաքրքրում է, մենք ուղարկել ենք քանակը, որը կարող ենք արտահանել։ Մեր ցանկի մեջ կան նաև վարդ, ջերմոցային արտադրանքեր՝ լոլիկ, պղպեղ։ Մոտավոր գին ենք առաջարկել»,- ասել է Գևորգ Պապոյանը։

Նախարարն ընդգծել է, որ առաջին արտահանման ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է։ Նրա խոսքով՝ մատակարարումներն կսկսվեն այն պահից, երբ հայկական և ադրբեջանական ընկերությունները համատեղ պայմանավորվածության գան։

Ադրբեջանից գնված նավթամթերքի երկրորդ խմբաքանակը այս պահին գտնվում է ճանապարհին։ Ադրբեջանից Հայաստան ուղարկվել է 7600 տոննա նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, իսկ 1500 տոննան՝ դիզելային վառելիք։ Մինչ այդ էլ ներմուծվել է 1200 տոննա բարձրակարգ բենզին։

Ներկրող կազմակերպությունները փոխկապակցված են ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և ՀՀԿ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ։