AM
9 Հունվար 2026 - 14:32 AMT

Բերիո Հայոց թեմի խոսնակ․ Իրավիճակը Հալեպում այժմ խաղաղ է, բայց բախումների վերսկսման վտանգ կա

Հալեպի քրդաբնակ թաղամասերում հայտարարված հրադադարից հետո քաղաքում այժմ իրավիճակն ամբողջովին փոխվել է. եռօրյա մղձավանջային օրերից հետո որոշակի անդորր է տիրում, այդուհանդերձ, իրավիճակն արագորեն փոփոխվում է, և ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը դեռ պահպանվում է: Այդ մասին հայտնել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը ներկայացնելով վերջին զարգացումները Հալեպում, հատկապես հայ համայնքի տեսանկյունից։

«Այսօր պատկերը բոլորովին փոխվեց, եռօրյա սարսափելի օրերից հետո այսօր որոշակի անդորր է տիրում»,- ասել է Գաբրիելյանը՝ հավելելով, որ սիրիական բանակը և քրդական ուժերը վերջին անգամ բախվել են առավոտյան ժամերին, հայտնում է Արմենպրեսը:

Նրա խոսքով, սիրիական ուժերը կարողացել են վերահսկողություն հաստատել այն տարածքներում, որտեղ տեղակայված էին քրդական ուժերը։

«Հիմա իրականացվում են երեք շրջաններից՝ Աշրաֆիեից, Շեյխ Մաքսուդից և Բանի Զեյդից քրդական ուժերի դուրսբերման և նրանց Եփրատի արևելք տեղափոխելու աշխատանքները։ Ռազմական գործողություններն ընդհանրապես դադարեցին, կոչ եղավ երեք շրջաններից տեղահանվածներին պատրաստվել վերադառնալ իրենց տներ։ Փառք Աստծո, որ եռօրյա ռազմական գործողությունները նվազագույն վնասներով ավարտվեցին»,- ասել է նա։

Սակայն Գաբրիելյանը զգուշացրել է, որ իրավիճակն շարունակում է մնալ անկայուն։ Վերջին ժամերին լարվածություն է նկատվել Շեյխ Մաքսուդում, քանի որ քրդական ուժերը հրաժարվել են լքել շրջանը։

«Ամեն ժամ բան է փոխվում. Շեյխ Մաքսուդի շրջանում, կարծես, խնդիր կա և ռազմական գործողությունները կարող են վերսկսվել»,- նշել է նա։

Մարիա Գաբրիելյանն ընդգծել է, որ տեղական իշխանությունները հայտարարություն են տարածել, ըստ որի՝ տեղահանվածները կարող են վերադառնալ իրենց տները, իսկ սիրիական բանակը պատրաստվում է սկսել ականազերծման և անվտանգության ապահովման աշխատանքները։

Նա տեղեկացրել է նաև, որ կիրակի օրը նախատեսվում է վերսկսել պետական ու կրթական հաստատությունների աշխատանքը՝ եթե իրավիճակը մնա կայուն։

Բացի այդ, սիրիական բանակը տեղական ժամանակով 16։00-ից 18։00 բացել է միջանցքներ Շեյխ Մաքսուդի շրջանից դուրս գալ ցանկացողների համար և կոչ է արել քրդական ուժերին հանձնել զենքերը։ Գաբրիելյանի գնահատմամբ՝ եթե այդ պայմանները չկատարվեն, հնարավոր է սիրիական ուժերը ռազմական գործողությունների նոր փուլ սկսեն։

Ինչ վերաբերում է հայ համայնքին՝ Գաբրիելյանը նշել է, որ հայերը համեմատաբար քիչ են տուժել։

«Հայերը շատ չեն տուժել։ Մի քանի տներ վնասվել են և տասնյակ տների պատուհանների ապակիներն են փշրվել միայն»,- նշել է նա։

Հունվարի 6-ին Հալեպում սկսվել էին բախումներ Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև, ինչը հանգեցրել էր քաղաքացիական զոհերի և մեծ նյութական վնասների։

Հունվարի 9-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հրադադարի մասին հայտարարություն էր տարածել՝ Աշրաֆիե, Շեյխ Մաքսուդ և Բանի Զեյդ թաղամասերում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով։ Բանակը պահանջել էր քրդական ուժերի հեռացում՝ միայն անձնական թեթև զենք կրելու թույլտվությամբ, և պատրաստակամություն հայտնել ուղեկցել նրանց դեպի երկրի հյուսիս-արևելք՝ ապահովելով անվտանգ անցում։