AM
10 Հունվար 2026 - 07:05 AMT

Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է ադրբեջանական նավթի 2-րդ խմբաքանակի առաքումը ՀՀ

Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է ադրբեջանական նավթի երկրորդ խմբաքանակի առաքումը Հայաստան՝ նշելով, որ տարածաշրջանում առևտրային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվում։

Այդ մասին X-ում գրառում է հրապարակել Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչությունը, հայտնում է Արմենպրեսը:

«Երեկ նավթի ևս մեկ խմբաքանակ Ադրբեջանից ուղևորվեց Հայաստան, որը երկրորդ խմբաքանակն է մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում։ Ոգևորիչ է տեսնել, որ տարածաշրջանում առևտրային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»:

Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։

Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը։