AM
12 Հունվար 2026 - 06:14 AMT

Սոլովյովը կոչ է արել հատուկ ռազմական գործողություն անցկացնել ՀՀ-ում

Ռուսաստանցի հաղորդավար և քարոզիչ Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է, որ պետք է անտեսել միջազգային իրավունքն ու «հատուկ ռազմական գործողություն իրականացնել Հայաստանում և Կենտրոնական Ասիայում»։

«Հիմա ոչ Սիրիայով պետք է զբաղվենք, ոչ Վենեսուելայով։ Մենք չպետք է կորցնենք մեր դիրքերը, բայց ամենակարևորը մեզ համար մեր մերձավոր արտասահմանն է։

Մեզ համար շատ ավելի ցավոտ է այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, քան այն, ինչ տեղի է ունենում Վենեսուելայում։ Հայաստանի կորուստը հսկայական խնդիր է։ Կենտրոնական Ասիայում առկա խնդիրներն էլ մեզ համար հսկայական խնդիրներ են։ Եվ մենք պետք է շատ հստակ ձևակերպենք մեր նպատակներն ու խնդիրները։ Մենք պետք է բացատրենք․ «խաղերն ավարտված են»։ Թքած միջազգային իրավունքի, միջազգային կարգի վրա։ Եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր «ՀՌԳ» սկսել Ուկրաինայի տարածքում, ապա ինչու նույն նկատառումներից ելնելով չենք կարող «ՀՌԳ» անցկացնել մեր ազդեցության գոտու այլ կետերում։

Միգուցե պետք է ձևակերպենք մեր ազգային դոկտրինը և հստակ նշենք, թե որն է մեր ազդեցության գոտին։ Եվ ամեն ինչ հասկանալի կլինի», — ասել է նա։

Սոլովյովը նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունները պետք է հենց սկզբից ավելի դաժան ու կոշտ լինեին: