AM
12 Հունվար 2026 - 07:32 AMT

Վիրահայոց թեմը վերահաստատել է իր աջակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

Վիրահայոց թեմը վերահաստատել է իր աջակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ:

«Մենք՝ Վիրահայոց պատմական թեմի պաշտոնատար աշխատակիցներս, անհանգստությամբ հետևում ենք մեր հավատի ու ազգային ինքնության հենասյուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալված մտահոգիչ իրադարձություններին:

Փորձություններով լի այս օրերին մենք՝ անսասան մեր հավատի մեջ, հաստատում ենք մեր հավատարմությունը և աջակցությունը աստվածահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, նրա Գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, ինչպես նաև մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր Սրբություն Սրբոցի պաշտպանության դիրքերում են»,-ասվում է հայտարարության մեջ:

Այն ստորագրել են Սուսաննա Խաչատրյանը, Կարեն Երիցյանը, Գիսանե Հովսեփյանը, Եվգենյա Մարկոսյանը, Սուրեն Աբրամյանը, Էմիլ Սարգսյանը, Գոհար Մազմանյանը, Մարգարիտա Կիրակոսյանը, Միքայել Ավագյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։

Հայտարարությամբ հրապարակվել է նաև Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․բարենորոգման օրակարգի հանրահռչակում․ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։