AM
12 Հունվար 2026 - 07:43 AMT

Ադրբեջանը նավթամթերքի նոր խմբաքանակ է ուղարկել ՀՀ

Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի նոր խմբաքանակ է ուղարկվել: Բալաջարի կայարանից ուղարկվել է հերթական 18 վագոնից կազմված գնացքը, որը տեղափոխում է 979 տոննա ԱԻ-92 մակնիշի ավտոմոբիլային բենզին։ Բեռը Հայաստան է հասնելու Վրաստանի տարածքով, գրում է APA-ն:

Հունվարի 9-ին Բալաջարիից Հայաստան էր ուղարկվել 2698 տոննա (48 վագոն) ծավալով վառելիք՝ 1742 տոննա ԱԻ-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք։

Մինչ այդ՝ դեկտեմբերի 18-ին, Հայաստան էր ուղարկվել 1220 տոննա ԱԻ-95 մակնիշի ավտովառելիք։

Ավելի վաղ ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»:

Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։