Հայաստանի բանկերն ակնկալում են, որ 2026-ին քաղաքացիների և բիզնեսի կողմից կպահպանվի վարկերի նկատմամբ մեծ պահանջարկը։ Այդ մասին են վկայում Կենտրոնական բանկի հերթական հարցման տվյալները, որոնց հղում է արվում 2025 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվությունում։
2025թ. 4-րդ եռամսյակում բանկերը շարունակել են ավելացնել վարկավորման ծավալները։ Մասնավորապես` 2024թ. նոյեմբերի համեմատ 2025թ.–ին բանկերի վարկային պորտֆելն աճել է մոտ 24%-ով՝ բացարձակ թվերով կազմելով ավելի քան 7․6 տրիլիոն դրամ կամ 19․8 մլրդ դոլար, հայտնում է Sputnik Արմենիան:
2025 թվականի ընթացքում հիփոթեքային վարկերի աճի տեմպերը դանդաղել են, սակայն աճը շարունակվել է։ Հատկապես 2024-ի ավարտին նկատվել է գրեթե 409 տոկոս աճ, քանի որ բազմաթիվ վարկառուներ շտապել են օգտվել արտոնյալ հիփոթեքային ծրագրից, որը եկամտային հարկի վերադարձի հնարավորություն էր տալիս Երևանում բնակարան ձեռք բերելու համար։ Սակայն 2025 թվականի հունվարի 1-ից այս արտոնությունը դադարեցվել է, ինչն էլ դեկտեմբերին հանգեցրել է հիփոթեքային վարկերի աճի տեմպերի զգալի նվազման։ Այնուամենայնիվ, նոյեմբերին այդ ցուցանիշը կազմել է 20 տոկոս։
Այս տվյալները վկայում են, որ մայրաքաղաքում և մերձակայքում անշարժ գույքի պահանջարկը շարունակում է մնալ բարձր։ Շատերը բնակարաններ ու տներ են ձեռք բերում ոչ միայն ապրելու նպատակով, այլև որպես ներդրումային ակտիվ։
Բավական կայուն աճ է գրանցվել նաև սպառողական վարկավորման ոլորտում՝ նոյեմբերին ցուցանիշը կազմել է գրեթե 30 տոկոս, իսկ բիզնես վարկերի գծով՝ միջինում мвт 25 տոկոս տարբեր ոլորտներում։
Կենտրոնական բանկի տվյալներով՝ բանկերն ակնկալում են վարկավորման շարունակական աճ՝ պայմանավորված ինչպես բարենպաստ տնտեսական հեռանկարներով, այնպես էլ բանկերի միջև մրցակցության հետևանքով վարկային պայմանների մեղմացմամբ։
Այս միտումները կարող են նպաստել սպառման բարձրացմանը, ինչն իր հերթին տեսականորեն կարող է հանգեցնել գնաճի։ Սակայն ԿԲ-ն միաժամանակ նշում է նաև այլ հնարավոր սցենար. եթե շուկան գերհագեցվի, ապա անշարժ գույքի պահանջարկը միջնաժամկետ կտրվածքով կարող է նվազել։ Այս իրավիճակն իր ազդեցությունը կունենա շինարարության ոլորտի և տնտեսության ակտիվության վրա՝ հնարավոր է նաև գնաճի նվազում։





