AM
12 Հունվար 2026 - 10:01 AMT

«Հարավկովկասյան երկաթուղիով» 2025-ին տեղափոխվել է ավելի քան կես միլիոն ուղևոր

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացրել է, որ 2025 թվականին իրենց գնացքներից օգտվել է ընդհանուր առմամբ 510 հազար ուղևոր։ Նրանցից մոտ 42 հազարը եղել են միջազգային երթուղիների ուղևորներ, իսկ տեղական ուղևորների թիվը կազմել է 468 հազար։

Տոնական օրերին՝ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 6-ը, Երևան–Թբիլիսի–Երևան երթուղով տեղափոխվել է 1058 ուղևոր, իսկ ներքին երթուղիներում այդ ընթացքում օգտվել է ավելի քան 10 հազար մարդ։ Նոր տարվա միջոցառումների շրջանակում կազմակերպվել է նաև 10 «Հեքիաթային Էքսպրես» չարտերային երթուղի՝ նախատեսված երեխաների համար՝ տոնական ներկայացումներով։

Ընկերության տվյալներով՝ միջազգային երթուղիներում ուղևորահոսքը պահպանվել է նույն մակարդակին, ինչ 2024 թվականին, իսկ տեղական երթուղիներում արձանագրվել է մոտ 10 տոկոսի նվազում։ Այս միտումը կապվում է Հյուսիս–Հարավ նոր ճանապարհի բացման և Արարատի ու Արմավիրի մարզերում ուսանողների համար անվճար համայնքային ավտոբուսների գործարկման հետ։

Ուղևորափոխադրումների գծով տնօրեն Հրանտ Միքայելյանը նշել է. «Անցած տարվա ընթացքում մենք շարունակել ենք ուղևորներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Մասնավորապես, մեկնարկել են ուղևորային պլատֆորմների արդիականացման և հիմնանորոգման աշխատանքները։ Փոխարինվել է Երևանի երկաթուղային կայարանի, ինչպես նաև Արաքս և Արագած կայարանների պլատֆորմների սալիկապատ ծածկույթը։ Ամբողջությամբ վերակառուցվել է Արտաշար կանգառի պլատֆորմը։ Երևանի երկաթուղային կայարանի շենքում տեղադրվել է հատուկ սանհանգույց՝ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար։

Միաժամանակ մեր աշխատանքներում առաջնորդվել ենք նաև ուղևորների արձագանքներով և առաջարկություններով, ովքեր մատնանշել են այս կամ այն բարելավման անհրաժեշտությունը։ Ծրագրի շրջանակում ներդրումները նախատեսված են նաև ընթացիկ տարում»։