AM
13 Հունվար 2026 - 06:15 AMT

ArCa-ն ֆիննախին չի փոխանցելու քաղաքացիների գործարքների վերաբերյալ տվյալները

ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, որ, հակառակ տարածվող լուրերի, «Արմենիան քարդ» ընկերությունը քաղաքացիների գործարքների վերաբերյալ որևէ անձնական տվյալ չի տրամադրելու ֆինանսների նախարարությանը։ Այդ մասին ասվում է նախարարության պարզաբանման մեջ:

Հունվարի 1-ից բացառապես ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում քաղաքացիները կստանան հետվճար՝ 2%-ի չափով:

«Սոցիալական հարթակներում տարածվող և իրականությանը չհամապատասխանող լուրերին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով (ԱՐՔԱ քարտերով) անկանխիկ վճարումների իրականացման դեպքում գործող 2 % հետվճարի միջոցառման շրջանակում «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ՀՀ ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու և չի տրամադրելու քաղաքացիների իրականացրած գործարքների վերաբերյալ անձնական տվյալներ կամ բանկային գաղտնիք հանդիսացող որևէ տեղեկություն», ասվում է հայտարարության մեջ:

Նախարարությունը հորդորել է վստահել միայն պաշտոնական աղբյուրներով տարածվող տեղեկատվությանը և կոչ է արել խուսափել չստուգված լուրերից։

Անդրադառնալով այդ որոշմանը՝ Amicus Legal Consulting ընկերության հիմնադիր Հայկ Ղազարյանը նշել է, որ, ըստ որոշման, «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն (նույն ինքը ARCA-ն) յուրաքանչյուր ամիս էլ.փոստով ֆինանսների նախարարություն է ներկայացնում հաշվետվություն, որը «ներառում է յուրաքանչյուր շահառուի կողմից իրականացված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն՝ շահառուի անձնական տվյալների ապանձնավորմամբ»։ Փաստաթղթում նաև նշվում է, որ շահառուին տրամադրվում է յուրահատուկ նույնականացման համար և գաղտնագրման բանալիները նախարարությանը չեն տրամադրվում։