AM
15 Հունվար 2026 - 09:18 AMT

Նախագիծ․ 2027-ից կկասեցվի պլաստիկ սպասքի օգտագործումը վաճառքի ու հանրային սննդի ոլորտում

Տեղական արտադրության և շրջակա միջավայրի պահպանության առաջնահերթություններից ելնելով՝ խորհրդարանը քննարկել է օրենքների փաթեթ, որով նախատեսվում է սահմանափակել պլաստիկ տարաների օգտագործումը առևտրում և հանրային սննդի ոլորտում։

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագիծն հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։

Ներկայացված փաթեթի համաձայն՝

2027 թվականի հունվարի 1-ից առևտրի և հանրային սննդի ոլորտներում՝ մանրածախ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, շրջիկ առևտրի վայրերում կդրվի արգելք՝

  • պոլիէթիլենային տոպրակների ու պարկերի, ինչպես նաև միանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, խմելու կամ խառնելու ձողիկներ) առկայության կամ իրացման վրա՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի և երկրորդային հումքից արտադրված աղբի պարկերի, ինչպես նաև կափարիչով պլաստիկ տարաների, որոնք նախատեսված են կշռափաթեթավորման համար,
  • առաջարկվում է խախտման առաջին դեպքում կիրառել նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում՝ նշանակել 100.000-ից 150.000 դրամ տուգանք,
  • վերահսկողությունն առաջարկվում է վերապահել տեղական ինքնակառավարման մարմիններին և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին համատեղ,
  • նախատեսվում է նաև ամրագրել «դիտարկման» ձևաչափով վերահսկողության իրականացման մեխանիզմը։

Մեկանգամյա օգտագործման պլաստիկի սահմանափակումը դիտարկվում է ոչ միայն բնապահպանական նախաձեռնություն, այլև քաղաքական ու տնտեսական ուղղվածությամբ քայլ, որի միջոցով Հայաստանը COP 17 համաժողովի նախաշեմին ձգտում է ներկայանալ որպես պատասխանատու պետություն, հավատարիմ՝ կայուն զարգացման սկզբունքներին։

Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը նշել է, որ այդ ապրանքատեսակների արգելքի մասին օրենքի նախագիծ փորձ է արվել ընդունել դեռ 2023-2024 թվականներին:

«Ուզում եմ նշել, որ այդ ապրանքատեսակներին շատ արագ փոխարինելու են թղթե պարկերը, որոնց արտադրությունը Հայաստանում կա»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: