Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները երկժամյա բանակցություններ են վարել՝ կենտրոնանալով «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP նախաձեռնության իրագործման շրջանակային փաստաթղթի վրա։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մամուլի ասուլիսում նշել է, որ «Զանգեզուրի միջանցքն առանցքային նշանակություն ունի թե Միջին միջանցքի, թե Ադրբեջանի հիմնական հատվածը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը միացնող ճանապարհի տեսանկյունից», գրում է APA-ն:
Նախարարը նշել է նաև, որ քննարկել է TRIPP նախագիծը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որը ներկայացվել է Հայաստանի ԱԳ նախարարի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Նա շեշտել է, որ քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Բաքվի շահերին և հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն տեղեկացված է այս հարցի վերաբերյալ:
«Հայաստանի արտգործնախարարի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հրապարակվել է TRIPP-ի վերաբերյալ շրջանակային փաստաթուղթ։ Այս հարցի շուրջ մենք երկժամյա քննարկումներ ենք անցկացրել իմ հարգարժան գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Մեզ համար կարևոր են ադրբեջանական կողմի հեռանկարները։ Նախագահ Էրդողանն էլ տեղեկացված է եղել այս մասին»,-ասել է Ֆիդանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան ցանկանում է, որ ստորագրվի վերջնական խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև։
Ֆիդանը նշել է, որ Անկարան ձգտում է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ:
«Դրա համար անհրաժեշտ կամք կա թե՛ Ադրբեջանի և Թուրքիայի, թե՛ Հայաստանի կողմից»,-ասել է նա:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։





