ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությունները՝ նշելով, որ դա լրագրողի կարծիքն է, արտահայտված իր մասնավոր ալիքում:
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Սոլովյովն իր կարծիքը ձևակերպել է իբրև հարց և ոչ հայտարարություն, իսկ այդ արտահայտությունները բազմոցային վերլուծաբանները սադրիչ կերպով ներկայացնում են գրեթե որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում, հայտնում է Sputnik Արմենիան:
«Որոշ մեկնաբաններ ակնհայտորեն օգտվել են առիթից, որպեսզի դաշտ նետեն ընդհանրապես չհնչած ենթադրությունների և բացահայտ շահարկումների մի ամբողջ շարք այն մասին, թե իբր Ռուսաստանն ագրեսիվ նկրտումներ ունի հետխորհրդային պետությունների նկատմամբ», – նշել է Մարիա Զախարովան:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը կարող են ներկայացնել միայն այդ նպատակով լիազորված անձինք։ Նա վերստին նշել է, որ Ռուսաստանին Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապում են երկարամյա բարիդրացիական, ռազմավարական գործընկերության և բարեկամության հարաբերությունները։
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ ռազմական գործողության հնարավորության մասին հաղորդավարի խոսքերից հետո:
Ավելի վաղ իր հեղինակային հաղորդաշարում Սոլովյովը խոսել էր Ռուսաստանի կողմից Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ ազդեցության կորստի անթույլատրելիության մասին: Նա նաև զուգահեռներ էր անցկացրել Ուկրաինայում անցկացվող ռազմական հատուկ գործողության և Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող այլ երկրներում հնարավոր նմանատիպ գործողությունների միջև:





