AM
21 Հունվար 2026 - 06:56 AMT

Ալիև․ TRIPP նախագծի շրջանակում մենք կստեղծենք նոր տրանսպորտային միջանցք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության ձևավորումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է, որ TRIPP նախագծի շրջանակում ստեղծելու են նոր տրանսպորտային միջանցք:

«TRIPP նախագծի շրջանակում մենք կստեղծենք նոր տրանսպորտային միջանցք՝ ի հավելումն արդեն առկա երթուղիների, որոնք անցնում են Ասիայից՝ Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով, Նախիջևանով, որը հանդիսանում է Ադրբեջանի մաս, Թուրքիայով և Վրաստանով։ Այսպիսով՝ որքան շատ են երթուղիները, այնքան լավ սպառողների, մատակարարների և տարանցիկ երկրների համար։ Այդ պատճառով մենք՝ որպես պետություն, մշտապես ուշադրություն ենք դարձնում տարածաշրջանային օրակարգին», ասել է նա, հայտնում է APA-ն:

Նա նաև հայտնել է, որ հայկական կողմից ստացվել է պաշտոնական հարցում՝ Հայաստանից դեպի Ռուսաստան տարանցիկ հաղորդակցության տրամադրման վերաբերյալ։

«Մենք փաստացի և միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Ճիշտ է, փոխադրումը տեղի է ունենում Վրաստանի միջոցով, բայց մի օր երթուղին կանցնի Հայաստանի տարածքով։ Կգա օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով, և այդ օրը հեռու չէ», — ընդգծել է Ալիևը։

Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը, որին հաջորդել է ևս 2 խմբաքանակի ներմուծում:

Ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»:

Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։