AM
21 Հունվար 2026 - 10:36 AMT

Նախարար․ Պետություններ կան, որ տրիլիոններով պարտք ունեն, ինչո՞ւ ենք այդ միլիարդից խոսում

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով 2025-ի արդյունքները, մամուլի ասուլիսում անդրադարձել է պետական պարտքի աճին:

«Այո, պարտքն աճել է և ինչ-որ մի միլիարդից դարձել է ուրիշ միլիարդ, բայց պետություններ կան որ տրիլիոններով ունեն, ինչու ենք այդ միլիարդից խոսում, հիմա պետք է խոսենք դրա համամասնությունից»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նախարարը նշել է, որ դեռևս 2018 թվականին պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կազմել է 52 տոկոս, մինչդեռ ներկայումս այն հասել է 48 տոկոսի, ինչը, ըստ նրա, վկայում է, որ պարտքի սպասարկման հնարավորությունները բարելավվել են։ Այդուհանդերձ, նա չի անդրադարձել այն հանգամանքին, որ նման ցուցանիշի նվազումը որոշակիորեն պայմանավորված է ազգային արժույթի արժևորմամբ՝ այն բանից հետո, երբ նախորդ տարիներին ցուցանիշը հասել էր գրեթե 60 տոկոսի։

Հովհաննիսյանը հավելել է.

«Այն ծախսերը, որ մենք արել ենք պարտք՝ պարտքի հաշվին, տվել են այն արդյունքները, որով հնարավորություն է եղել մեր եկամուտները մեծացնել այնպես, որ մենք շարունակում ենք խնդիրներ չունենալ մեծացող պարտքը սպասարկեու ուղղությամբ։

Ես մեծ առարկություններ, թե՛ ԱԺ-ում և թե՛ մեր լրատվական դաշտն ուսումնասիրելիս, չեմ տեսել այն մասին, թե որ ծրագիրն է անիմաստ իրականացնել, կամ որևէ խոշոր ծրագիր, որ ասեն՝ ինչու եք սրա վրա էսքան գումար ծախսում էն էլ՝ պարտքով»,-ասել է նա:

Նա պնդել է նաև, որ պարտքով ներգրավված միջոցները չեն ուղղվում ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, այլ օգտագործվում են միայն կապիտալ ներդրումների համար․

«Իսկ մեր կանոնն ասում է, որ կապիտալ ծախսերը պետք է ավելին լինեն, քան մեր դեֆիցիտն է, մեր դեֆիցիտը նախատեսվում է 4.5 %, բայց կապիտալ ծախսերը 6 % են։ Կարելի է ասել, որ ամբողջ պարտքն ուղղվել է կապիտալ ծախսեր իրականացնելուն»,-ասել է նախարարը:

Հովհաննիսյանը նշել է, որ կապիտալ ծախսերի գերակշիռ մասն ուղղվում է պաշտպանական բնագավառին, ինչպես նաև ճանապարհաշինության ու դպրոցաշինության ոլորտներին։

Կառավարության ներքին և արտաքին պարտքի հարաբերակցությունը 2025 թվականի արդյունքներով կազմել է 53․4%/46․6%։ 2024 թվականի վերջի համեմատ ներքին պարտքի տեսակարար կշիռն աճել է 1․6%-ով, արտաքինին պարտքինը՝ նույնքանով նվազել։