AM
21 Հունվար 2026 - 13:47 AMT

Ղազինյան. ՀԷՑ-ի նոր բաժանորդների համար միացման արժեքն իջեցնելով՝ փորձում են որպես լավություն վաճառել ժողովրդին

ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նոր բաժանորդների համար էլեկտրաէներգիայի միացման սակագնի իջեցումը մանիպուլյատիվ քայլ է իշխանության կողմից:

«Իշխանությունը հերթական անգամ փորձում է մանիպուլացնել մեր ժողովրդին: Խոսքը վերաբերում է նոր միացման բաժանորդների վճարներին: Փաստ է, որ իշխանության կողմից կառավարվող, բայց թղթի վրա անկախ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2023 թվականի ապրիլից 1-ից բազմակի անգամ թանկացրեց նոր բաժանորդների համար միացման արժեքը»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նրա պնդմամբ՝ նոր բաժանորդների համար միացման արժեքը 90,000 դրամով իջեցնելով, փորձում են որպես լավություն վաճառել ժողովրդին: ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատարը շեշտել է, որ ամբողջ միացման արժեքի 35 տոկոսը մնում է ժողովրդի վրա:

«Դա բեռ է լինելու մեր բոլորի կողմից վճարվող սակագնի վրա: Բացի այդ, քաղաքապետարանի որոշմամբ, յուրքանչյուր գծամետր մալուխ անցկացնելու դեպքում ծառայություն մատուցող ընկերությունները քաղաքապետարանին պետք է 10,000 դրամ վճարեն: Այսինքն՝ քաղաքապետարանն իր տուրքերը չի հանում, որն ընդհանուր միացման արժեի մեջ կազմում է մոտ 20 տոկոսը, բայց այստեղ 35 տոկոսը թողնվում է ժողովրդի վրա»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում մեկնարկել է նոր սպառողների՝ բաշխման ցանցին միացման վճարների 30-40% նվազեցման գործընթացը։

Ընկերության ժամանակավոր կառավարչի կարգադրությամբ ներդրված նախաձեռնությունը վերաբերում է թե՛ ֆիզիկական անձերին, թե՛ առևտրային սպառողներին։ Միջոցառումը նպատակ ունի ֆինանսապես մատչելի դարձնել էլեկտրամատակարարման նոր միացումները, ինչպես նաև խթանել էլեկտրաէներգետիկ ոլորտի զարգացումը։