AM
21 Հունվար 2026 - 14:34 AMT

Փաշինյան. Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանn Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է TRIPP նախագծի մասին՝ ընդգծելով դրա տնտեսական բաղադրիչը։

Անդրադառնալով այն մտահոգություններին, որ TRIPP-ը չի հասնելու Երասխավան, Փաշինյանը հիշեցրել է, որ ընդամենը նախորդ շաբաթ Ադրբեջանի և ՀՀ ներկայացուցիչները այցելել են Երասխ-Սադարակ հատված և ուսումնասիրել են երկաթուղու վիճակը, հայտնում է Aysor.am-ը:

«Ինչու են ուսումնասիրում վիճակը․ երկաթուղին վերաբացելու համար»,- ասել է նա:

Վարչապետը նշել է, որ երկաթուղին բացում են, օրինակ, Հորադիզ-Մեղրի-Նախիջևան-Սադարակ-Երասխ-Ախուրիկ-Թուրքիա ուղղության համար, ինչպես նաև Իրանի և Ադրբեջանի Հանրապետության ու Նախիջևանի ուղղությունների համար։

«Արձանագրենք, որ TRIPP նախագիծը, ճիշտ է, բարձր քաղաքական հնչեղություն ստացավ, ինչը շատ լավ է, բայց այն առաջին հերթին ներդրումային ծրագիր է։ Այսինքն՝ քաղաքականությունը կամաց-կամաց երկրորդ պլան է մղվում, և առաջին պլան է մղվում ներդրումային ծրագիրը»,-ասել է նա:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։