AM
22 Հունվար 2026 - 07:42 AMT

ԵԽ զեկույց․ ՀՀ-ում համատարած խախտվում են աշխատանքային իրավունքները

Եվրոպայի խորհրդի Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (ՍԻԵԿ) հրապարակել է 2025 թվականի զեկույցը, ըստ որի՝ Հայաստանում համատարած կերպով խախտվում են աշխատանքային իրավունքները, հայտնում է Panorama.am-ը:

ԵԽ-ից հայտնել են, որ Եվրոպական սոցիալական խարտիային միացած պետությունների գործունեության այս իրավական գնահատականները բացահայտում են խարտիայով պաշտպանվող իրավունքների պահպանման բացերը շատ երկրներում։

2025 թվականի զեկույցում կոմիտեն դիտարկել է, թե որքանով է Հայաստանում իրավիճակը համապատասխանում Եվրոպական սոցիալական խարտիայի մի շարք հոդվածների պահանջներին, այդ թվում՝

Հոդված 2 – Արդար աշխատանքային պայմանների իրավունք,

Կետ 1 – Խելամիտ աշխատանքային ժամեր,

Հոդված 3 – Աշխատանքի անվտանգության և առողջության ապահովման իրավունք,

Կետ 1 – Կանոնակարգերի առկայություն անվտանգության և առողջության հարցերում,

Հոդված 4 – Արդար վարձատրության իրավունք,

Կետ 3 – Կանանց և տղամարդկանց հավասար վարձատրության երաշխիք,

Հոդված 5 – Միավորվելու իրավունք,

Հոդված 6 – Հավաքական բանակցությունների իրավունք,

Կետ 1 – Համատեղ խորհրդակցություններ,

Կետ 2 – Բանակցային մեխանիզմներ,

Կետ 4 – Հավաքական գործողություններ իրականացնելու հնարավորություն,

Հոդված 20 – Զբաղվածության և մասնագիտության ոլորտներում հավասար հնարավորությունների ու վերաբերմունքի իրավունք՝ առանց սեռի հիմքով խտրականության։

Կոմիտեն եզրակացրել է, որ այս բոլոր հոդվածների և կետերի մասով Հայաստանի իրավական ու գործնական իրավիճակը չի համապատասխանում Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է 8 անհամապատասխանություն, և որևէ ոլորտում համապատասխանություն չի արձանագրվել։

Չնայած առանձին դրական տեղաշարժերին, ԵԽ փորձագետները մտահոգություն են հայտնել, որ Եվրոպական սոցիալական խարտիայով երաշխավորված աշխատանքային իրավունքների արդյունավետ պաշտպանությունը շարունակում է խնդիր մնալ շատ երկրներում։

Զեկույցում նշվել է, որ հիմնական մարտահրավերների շարքում են աշխատաժամանակի ավելացումը և գենդերային անհավասարությունները վարձատրության ոլորտում։

ԵԽ կոմիտեն դիտարկել է մոտ երեսուն երկրի իրավիճակ, այդ թվում՝ Անդորրայի, Ադրբեջանի, Ավստրիայի, Էստոնիայի, Վրաստանի, Գերմանիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Սերբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի և Միացյալ Թագավորության։