ՀՀ կառավարությունն Ասիական զարգացման բանկից պատրաստվում է ներգրավել 150 միլիոն դոլար վարկ՝ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով։ Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում։
Այս նպատակով գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր–Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի ստորագրմանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Վարկի ներգրավումը նախատեսվել է ՀՀ կառավարության 2025–2027 թվականների պարտքի կառավարման ռազմավարական ծրագրի շրջանակում մշակված 2025 թվականի տարեկան փոխառությունների ծրագրով։
Այդ ծրագրով բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային պահանջարկը գնահատվել է 675 միլիոն դոլար, որը նախատեսվում է ստանալ տարբեր միջազգային ֆինանսական հաստատություններից, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից։
Համաձայնագրով նախատեսվում է, որ վարկը կտրամադրվի 15 տարի ժամկետով, ներառյալ 3 տարվա արտոնյալ փուլ։





