AM
22 Հունվար 2026 - 11:12 AMT

ՀՀ դեսպանը Յուտայում տնտեսական և տեխնոլոգիական համագործակցության հարցեր է քննարկել

ԱՄՆ Յուտա նահանգում աշխատանքային այցով գտնվող ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է նահանգի Առևտրի համաշխարհային կենտրոն, ինչպես նաև՝ խոշոր արդյունաբերական DoTerra ընկերության կենտրոնակայան, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Քննարկվել են տնտեսական և տեխնոլոգիական համագործակցության հարցեր:

Առևտրի համաշխարհային կենտրոնում դեսպանը հանդիպում է ունեցել կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Ջոնաթան Ֆրիդմանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ստերլինգ հիմնադրամի գործադիր տնօրեն Մայլս Հենսենը և ձեռներեց, ինչպես նաև պրոֆեսոր Փոլ Ահլսթրոմը։

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձել է վերջին շրջանում ՀՀ-ԱՄՆ տնտեսական և քաղաքական հարաբերություններում արձանագրված զարգացումներին։ Ֆրիդմանն իր հերթին նշել է, որ Յուտա նահանգը դիտարկվում է որպես առաջատար հարթակ տեխնոլոգիական համագործակցության համար։ Կողմերը համաձայնություն են հայտնել կոնկրետ քայլեր ձեռնարկելու՝ համագործակցությունը խորացնելու նպատակով։

Դեսպան Մկրտչյանը հանդիպում է ունեցել նաև DoTerra ընկերության հիմնադիր նախագահ և գործադիր տնօրեն Դեյվիդ Ստերլինգի հետ։ Քննարկվել են համագործակցության հնարավոր ոլորտներն ու ուղղությունները։

Այցի շրջանակում դեսպանը շրջել է ընկերության կենտրոնակայանում՝ ծանոթանալով նրա գործունեության տարբեր ուղղություններին։ Հանդիպման ավարտին նա շնորհակալություն է հայտնել Դեյվիդ Ստերլինգին՝ Հայաստանում գործող Ստերլինգ հիմնադրամի միջոցով իրականացվող ավելի քան 15 ծրագրերի համար։

Նարեկ Մկրտչյանն Արիզոնա կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձին հանդիպում է ունեցել Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Միջազգային առևտրի և հատկացումների հանձնաժողովի նախագահ Թոնի Ռիվերոյի հետ՝ քննարկվել են Հայաստանի ու Արիզոնայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները։