AM
22 Հունվար 2026 - 11:55 AMT

Պայմաններ կստեղծվեն Կապանի օդանավակայանը միջազգային դարձնելու համար

ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության միջև 2001 թվականին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացման նպատակով ներկայացվել է որոշման նախագիծ, որը հավանության է արժանացել կառավարության նիստում: Որոշման նպատակն է ընդլայնել ՀՀ միջազգային օդանավակայանների թողունակությունը, բարելավել ենթակառուցվածքները, բարձրացնել սպասարկման որակը, ինչպես նաև ստեղծել պայմաններ՝ տեղական չվերթեր սպասարկող Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու համար։

Վերացվում են Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա Կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները, պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի դեկտեմբերի 31-ը:

Կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել մոտ 425 մլն ԱՄՆ դոլարի չափով կապիտալ ներդրումներ: Մաստեր-պլանը և ներդրումային ծրագիրը կհամաձայնեցվի կառավարության հետ, որոնք կներառեն նաև 2023 թվականից իրականացված ներդրումները:

Գործող սակագների փոփոխությունները կիրականացվեն ամենամյա սկզբունքով միայն ճշգրտման եղանակով՝ ելնելով ԱՄՆ սպառողական գների ինդեքսների, Եվրոպական երկրներում միջին գնաճի և ՀՀ սպառողական գների ինդեքսների միջինի ցուցանիշներից: Սահմանվում է կանոն այն մասին, որ եթե կոնցեսիայի ժամկետի ընթացքում որևէ պահի ոչ կոնցեսիոների մեղքով ուղևորահոսքը 2 տարի անընդմեջ նվազում է՝ ամեն տարի կազմելով 4 մլն ուղևորից պակաս, ապա կառավարությունը պետք է Կոնցեսիոների կրած վնասի համար վերջինիս փոխհատուցի սակագների ճշգրտման եղանակով, բայց ոչ ավելի քան 3 տարի ժամկետով:

Որոշմամբ առաջարկվում է նաև որպես կառավարության ներկայացուցիչ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին 1 ամսյա ժամկետում ստորագրել ՀՀ Կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը։ Արդյունքում ակնկալվում է ՀՀ-ում օդանավակայանային ենթակառուցվածքների զարգացում, մատուցվող ծառայությունների բարելավում, ինչը կխթանի ուղևորությունների և ուղևորափոխադրումների նոր ուղղությունների քանակի աճին:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, Մաստեր-պլանը նախատեսվում է ներկայացնել մինչև հունվարի 31-ը: Ըստ փոխնախարարի՝ նախատեսված ներդրումը պետք է իրականացվի մինչև 2033 թ.-ը: Արմեն Սիմոնյանը նշել է նաև, որ 2025 թ. բավականին մեծ ուղևորահոսք է գրանցվել միջազգային օդանավակայաններում՝ կազմելով 5 մլն 754 հազար մարդ, որը 7.5 տոկոսով ավելին է 2024 թ. ցուցանիշից: Փոխնախարարն ընդգծել է, որ ըստ այդմ՝ իսկապես առկա է ենթակառուցվածքն ընդլայնելու և սահմանված չափանիշներով ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն:

Անդրադառնալով որոշմանը՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ եթե լրացումը ստորագրվի, այդ օրվանից սկսած՝ Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան:

«Այսինքն՝ ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում»,-ասել է նա: