AM
22 Հունվար 2026 - 14:51 AMT

Թեհրան–Երևան չվերթը կրկին չեղարկվել է

Վերջին ութ օրում արդեն վեցերորդ անգամ չեղարկվել է Թեհրան–Երևան չվերթը։ Այդ մասին վկայում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակը։

Հունվարի 22-ին նախատեսված էր իրականացնել «Caspian Airlines» ավիաընկերության չվերթը, որը պետք է Երևան հասներ 18:40-ին՝ Երևանի ժամանակով։ Թռիչքը, սակայն, չեղարկվել է, հայտնում է Sputnik Արմենիան:

Սա վերջին 8 օրվա ընթացքում ավիաընկերության երրորդ չեղարկված չվերթն է (մյուս երկուսը չեղարկվել են հունվարի 14-ին և հունվարի 19-ին): Այս ժամանակահատվածում չվերթեր են չեղարկել նաև «Fly Kish» (հունվարի 20-ին) և «Armenian Airlines» (հունվարի 21-ին) ավիաընկերությունները։ Բացի այդ, չեղարկվել էր նաև «Qeshm air»-ի չվերթը (հունվարի 19-ին)։

Պաշտոնապես պատճառը չի նշվում։ Ենթադրվում է, որ չեղարկումները կապված են Իրանում ինտերնետի խափանումների հետ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) Իրանում իրականացրել է լայնածավալ գործողություններ՝ ուղղված բողոքի ակցիաների ենթադրյալ ղեկավարների ձերբակալմանը։ Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ ձերբակալությունները միաժամանակ իրականացվել են երկրի չորս մարզերում՝ Ռաֆսանջանում, Սեմնանում, Սիրջանում և Եազդում։

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ բողոքների ընթացքում զոհվել է առնվազն 5000 մարդ: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Իրանի կառավարության ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվում: Նրա խոսքով՝ սպանվածների մեջ մոտ 500-ը ուժային կառույցների աշխատակիցներ են: Պաշտոնյան «անմեղ իրանցիների» մահվան պատասխանատվությունը դրել է «ահաբեկիչների և զինյալ ապստամբների» վրա: