Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ բենզինն ու դիզվառելիքը շարունակում են էժանանալ:
Նա նաև տեղեկացրել է, որ բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը ևս գնել է ադրբեջանական նավթամթերք՝ կսկսի վաճառել:
«Բենզինի գին․ դեկտեմբերի սկիզբ՝ 510 դր/լ, հիմա՝ 430 դր/լ։ Տարբերությունը՝ 80 դր/լ կամ -15,7%։
Դիզվառելիքի գին․ դեկտեմբերի սկիզբ՝ 480 դր/լ, հիմա՝ 410 դր/լ։ Տարբերությունը՝ 70 դր/լ կամ -14,6%։
Բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը, որը ևս ձեռք է բերել ադրբեջանական նավթամթերք, մոտակա օրերին ևս կսկսի վաճառել այդ վառելիքը՝ ցածր գներով»,-նշել է նա։
Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը, որին հաջորդել է ևս 2 խմբաքանակի ներմուծում:
Ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»:
Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։





