Հայաստանից արտահանման ծավալները 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կրճատվել են 40.6 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 349 մլն 13.6 հազար ԱՄՆ դոլար։ Այս տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Ընդհանուր առմամբ, արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 18 մլրդ 908 մլն 366.3 հազար դոլար՝ 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 33.2 տոկոսով։ Ներմուծումը նույնպես անկում է ապրել՝ 27.4 տոկոսով՝ հասնելով 11 մլրդ 559 մլն 352.7 հազար դոլարի, հայտնում է Արմենպրեսը:
Չնայած ընդհանուր նվազմանը, Հայաստանի արտահանման հիմնական գործընկեր երկրները մնում են Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Չինաստանը։ Ռուսաստան արտահանումը կազմել է 2 մլրդ 725 մլն 215.9 հազար դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 9 տոկոսով։ Երկրորդ տեղում է ԱՄԷ-ն՝ 1 մլրդ 698 մլն 159 հազար դոլար արտահանմամբ, որը 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 66.2 տոկոսով։ Չինաստան արտահանումը կազմել է 648 մլն 541.7 հազար դոլար՝ նվազելով 38.1 տոկոսով։
ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումը նույնպես կրճատվել է՝ 7.2 տոկոսով՝ կազմելով 2 մլրդ 948 մլն 125.5 հազար դոլար։
Ի տարբերություն ընդհանուր միտումների՝ Եվրոպական միության երկրներ արտահանումը աճել է 7.6 տոկոսով՝ կազմելով 593 մլն 641.6 հազար դոլար։ Մասնավորապես, Նիդեռլանդներ արտահանումը կազմել է 127 մլն 536.6 հազար դոլար՝ արձանագրելով 11.4 տոկոսի աճ։ Գերմանիա արտահանման ծավալը հասել է 101 մլն 620.8 հազար դոլարի՝ աճելով 74.3 տոկոսով։ Բելգիա արտահանումը կազմել է 127 մլն 121.2 հազար դոլար՝ աճելով 15.9 տոկոսով։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիա արտահանման ցուցանիշը նվազել է 29.5 տոկոսով՝ հասնելով 5 մլն 895.2 հազար դոլարի, իսկ Իտալիա արտահանումը՝ 1.3 տոկոսով՝ կազմելով 60 մլն 428.5 հազար դոլար։





