AM
26 Հունվար 2026 - 12:51 AMT

Օդի աղտոտման նվազեցման նոր նորմեր՝ շինկազմակերպությունների համար․ Խախտողները կզրկվեն լիցենզիայից

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հայտնել է, որ մայիսի 1-ից շինարարական կազմակերպությունների համար ուժի մեջ կմտնեն նոր նորմեր՝ ուղղված օդի աղտոտվածության նվազեցմանը։

Նրա խոսքով՝ մինչ այդ կառուցապատողները հնարավորություն կունենան վերակահավորել շինհրապարակները և հարմարվել պահանջներին, հայտնում է Panorama.am-ը:

«Բոլոր սեփականատերերը՝ կառուցապատողները կամ շինարարները, իրականացնելու են կահավորման աշխատանքները: Հիմնականում դա մեծ գումարի հետ չէ կապված; Օրինակ՝ այն ճանապարհները, որոնցով շինհրապարակում երթևեկում են տրանսպորտային միջոցները շինարարությունը սպասարկելու համար, պետք է բետոնապատվեն: Դա մեծ ծավալի աշխատանք չէ»,- նշել է Վարդանյանը։

Նրա փոխանցմամբ՝ շինհրապարակների հողային հատվածները պետք է խճապատվեն՝ փոշու տարածումը նվազեցնելու նպատակով։ Բացի այդ, հողային աշխատանքների ընթացքում պահանջվելու է տեղադրել ջրային մառախուղ առաջացնող սարքավորումներ, որոնք կօգնեն կանխել փոշու արտանետումը մթնոլորտ։

«Կառուցապատողները դա կարող են և՛ կարճաժամկետ վարձակալությամբ վերցնել, և՛ ձեռք բերել իրենց համար ու օգտագործել բոլոր փուլերում»,- մանրամասնել է Վարդանյանը։

Ավելին, շինհրապարակներում պարտադիր կլինի նաև համապատասխան սարքավորումների տեղադրում, որոնք կվերլուծեն և կհաշվարկեն օդի աղտոտվածության մակարդակը։

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը ընդգծել է, որ եթե կազմակերպությունները չկատարեն սահմանված նորմերը, հնարավոր է զրկվեն իրենց լիցենզիայից կամ այն կասեցվի։