AM
27 Հունվար 2026 - 13:28 AMT

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Թուրքիայում ասել է, որ ՀՀ հետ սահմանի բացումը դրական կազդի տարածաշրջանի վրա

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, ով այցով գտնվում է Անկարայում, հայտարարել է, որ ՀՀ հետ սահմանի բացումը դրական կազդի տարածաշրջանի վրա: Նա այդ մասին ասել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Հայ-թուրքական սահմանի բացումն առավել բարենպաստ ազդեցություն կունենա տարածաշրջանի բարեկեցության վրա», հայտնում է APA-ն:

Բարոն նաև նշել է, որ Ֆրանսիան սատարում է Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող «Ալիջան» սահմանային անցակետի շինարարական աշխատանքների մոտ 90 տոկոսը արդեն ավարտված է: Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանն այցելել է անցակետ և տեղում ստացել է մանրամասն տեղեկատվություն Քարակոյունլու շրջանի նահանգապետ Ֆաթիհ Էրդողանից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP նախաձեռնության իրականացման հարցում կողմերին հաջողվել է հասնել այնպիսի բանաձևի, որն ամբողջությամբ բավարարում է Հայաստանին, ԱՄՆ-ին և, ամենայն հավանականությամբ, նաև Ադրբեջանին՝ հավելելով, որ հաջորդ փուլում պետք է կենտրոնանալ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների վրա։