Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհով բիտումի և հեղուկ գազի փոխադրումներ կկազմակերպվեն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին։ Մեր գործարարները արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից ևս»,- գրել է նախարարը։
Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը, որին հաջորդել է ևս 2 խմբաքանակի ներմուծում:
Ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»:
Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։





