Հունվարի 27-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը մասնակցել են «Հարավային Կովկասում շրջադարձային ժամանակներ․ Պատմական խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, Գերմանիայի դերը և Եվրոպայի նոր արևելյան կապը» խորագրով քննարկմանը։
Միջոցառումը անցկացվել է Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշեթի հրավերով, հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:
Իր ելույթում Վիկտոր Ենգիբարյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և մասնավորապես ԱԳ դաշնային նախարար Յոհան Վադեփուլին՝ Հարավային Կովկասում ցուցաբերված կառուցողական ներգրավվածության և աջակցման համար։ Վադեփուլը նախկինում ղեկավարել է Բունդեսթագի Գերմանիա–Հարավային Կովկաս բարեկամական խումբը։
Քննարկմանը մասնակցել են տասնյակ փորձագետներ, պատգամավորներ և մեդիա ներկայացուցիչներ։ Միջոցառումն իրականացվել է Մյունխենի Մաքսիմիլիանս համալսարանի և Աախենի համալսարանի «Միջազգային համագործակցության, տեխնոլոգիական դիվանագիտության և հաղորդակցության ինստիտուտի» նախաձեռնությամբ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։





