AM
29 Հունվար 2026 - 08:48 AMT

Նորագյուղում Դաունթաուն թաղամաս կլինի՝ 10 տարում 155 շենք կկառուցվի

Բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանը կօտարի և հանրության գերակա շահ կճանաչի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի «Պասկևիչի բլուրը» և հարակից տարածքները։ Համապատասխան որոշումն ընդունվեցլ է կառավարության նիստում:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Նորագյուղ թաղամասի և հարակից տարածքների՝ ընդհանուր 83.9 հա մակերեսով գոտում իրականացվող շինարարական ծրագիրը լուծելու է մայրաքաղաքի մի շարք կարևոր քաղաքաշինական խնդիրներ, հայտնում է Radar Armenia-ն:

«83.9 հա տարածքի վրա ունենում ենք մոտ 2-2.5 մլն մ² կառուցապատում, մոտ 155 շենք 65 հազար բնակչի համար և այս հատվածը, կարելի է ասել, էականորեն բեռնաթափելու է մեր փոքր կենտրոնը», – ասել է նա։

Ավինյանի խոսքով, ծրագիրը կազմվել է Երևանի իրական կարիքներից ելնելով։ Ըստ նրա՝ ներկայում քաղաքի առաջնահերթություններից են կենտրոնի բեռնաթափումը և Նորագյուղ թաղամասի բարեկարգումը։ Նա հավելել է, որ նախաձեռնությունը բխում է բնակիչների առաջարկներից։

««բ»Դաունթաուն թաղամասի«/բ» ստեղծումը նորարական թաղամաս է լինելու՝ բարձրահարկ շենքերով, և հնարավորություն է տալու փոխհատուցել բնակիչներին՝ իրենց բնակավայրերի շուկայական արժեքին գումարած 30% չափաբաժնով, և այս հատվածում ստանալու ենք մի նոր գեղեցիկ թաղամաս, որի արդյունքում նաև Երևան քաղաքը կարողանալու է մի քանի կարևոր խնդիր լուծել։ Դրանցից մեկը Դալմայի այգիների անտառապատման ծրագիրն է՝ դրան հարակից մոտ 250 հա անտառային տարածքներ։

Երևանյան լճի մաքրման աշխատանքներն ու ամբողջական ենթակառուցվածքների նորոգման աշխատանքները նույնպես, ենթադրում եմ, այս ծրագրով կարողանալու ենք իրականացնել։

Եվ իհարկե, ամենակարևոր հարցը փոքր Կենտրոնի բեռնաթափումն է. այս ծրագիրը փորձել են իրականացնել դեռևս 20-րդ դարի առաջին կեսում․ կան նախագծեր, գլխավոր հատակագծեր, որ այս նույն տրամաբանությունն են ենթադրել, բայց երբևէ կյանքի չեն կոչել, և հիմա մենք հաստատուն քայլերով գնում ենք այս ծրագրի իրականացմանը», – ասել է նա։

Քաղաքապետն ընդգծել է, որ ծրագիրը բարդ ընթացք է ունենալու։

«Բարդ ծրագիր է լինելու, տևողությունը, ենթադրվում է, մոտ 10 տարի կտևի, բայց և Կենտրոնի բեռնաթափման համար, և Նորագյուղ թաղամասի, այսպես ասած, հողաշեն տների մարդկանց խնդիրները լուծելու համար կարևորագույն ծրագիր է»,-ասել է նա:

Վարչապետն էլ իր հերթին նշել է, որ ծրագիրը իրապես բարդ է, և բնակչության հետ պետք է մանրակրկիտ աշխատանք տարվի։ Ըստ նրա՝ ի տարբերություն Կոնդ թաղամասի, այստեղ մշակութային ժառանգության մեծ ծավալ չկա սակայն կարևոր է պահպանել Կարմիր կամուրջի, Երևանի բերդի ու կոնյակի գործարանի պատմական միջավայրը։

«Մշակութային անսամբլը պահպանելու առումով պետք է նախանձախնդիր լինել, որովհետև այդ հատվածը շատ լավն է դառնում, և պետք է ներդաշնակությունը հնարավորինս ապահովել»,-ասել է նա: