AM
29 Հունվար 2026 - 11:20 AMT

ԽՍՀՄ Խնայբանկում ավանդ ունեցող մինչև 1944 թ․ ծնված անձինք կարող են փոխհատուցում ստանալ

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նաև այն անձինք, ովքեր ծնվել են մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Փոխհատուցումը տրամադրվելու է միայն անկանխիկ եղանակով։

Նախարարությունը հիշեցնում է, որ փոխհատուցում ստանալու համար ավանդատուն անձամբ, կամ իր օրինական ներկայացուցչի, կամ լիազորագրով ներկայացուցչի միջոցով պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության՝ իր հաշվառման վայրի տարածքային կենտրոն։

Դիմումին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը․

  • անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ
  • հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), կամ սոցիալական ապահովության քարտ, կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք
  • խնայողական գրքույկ (առկայության դեպքում)
  • «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ից տեղեկանք՝ 1993 թ․ հունիսի 10-ի դրությամբ հաշվի մնացորդի վերաբերյալ
  • ըստ անհրաժեշտության՝ այլ լրացուցիչ փաստաթղթեր

Գործընթացը նպատակ ունի վերականգնել քաղաքացիների ավանդների նկատմամբ վստահությունը և սոցիալական արդարության սկզբունքը։