AM
2 Փետրվար 2026 - 10:17 AMT

Մեջլիսի պատգամավոր․ Կարող ենք մինչև հունիս ստորագրել պայմանագիրը, եթե ՀՀ-ն պարտավորվի փոխել Սահմանադրությունը

Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Գասանգուլիևը հայտարարել է, որ Բաքուն մինչև հունիս կարող է ստորագրել ՀՀ հետ խաղաղության պայմանագիրը, եթե վերջինս «պարտավորվի, որ իր նոր Սահմանադրության մեջ տարածքային հավակնություններ չեն լինի Ադրբեջանի նկատմամբ»:

«Մինչ Հայաստանի հերթական ընտրությունները, այսինքն՝ մինչև այս տարվա հունիսը, մենք կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել»,-ասել է նա, հայտնում է APA-ն:

Նա հավելել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար պահանջվում է միլի մեջլիսի համաձայնությունը։

«Անցած տարվա օգոստոսին խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է։ Պետք է քննարկել այն խորհրդարանում։ Առաջարկում եմ այս հարցը ներառել գարնանային նստաշրջանի աշխատանքային պլանում։

Ներկայումս բեռները Հայաստան տեղափոխվում են Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանը վառելիք է վաճառում Հայաստանին։ Եթե բեռներն անցնում են Ադրբեջանի տարածքով, կարծում եմ՝ պետք է հնարավոր լինի բեռներ տեղափոխել նաև դեպի Ադրբեջան Հայաստանի տարածքով։

Մենք կարող ենք վերականգնել երկաթուղին, որը կապում է Ադրբեջանն ու Հայաստանը, այդ թվում՝ Սադարակ–Երևան երկաթուղին։ Այժմ նաև քննարկվում է Թուրքիայի և Հայաստանի միջև ճանապարհների բացման հարցը մինչև մարտ։

Նախիջևանի արագ զարգացումն ապահովելու համար բեռները պետք է տեղափոխվեն Նախիջևան երկաթուղով, և մենք պետք է օգտագործենք Հայաստանի տարածքը։ Կարծում եմ՝ կառավարությունը պետք է որոշ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ»,-ասել է պատգամավորը:

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։